ՄԵՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԵՎ ԴԱ ԱՄԵՆԱԼԱՎ ՈՐՈՇՈՒՄՆ Է ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՅՆ ՄԱՍԻՆ ԹԵ ԻՆՉՈՒ ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՓՈԽՈՒՄ ԺԱՄԵՐԸ ԵՎ ՈՐՈՆՔ ԵՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարին փոխվում է ոչ միայն սեզոններով։ Փոխվում է նաև տարվա ընթացքում գիշեր-ցերեկ ժամային հարաբերությունը, հետևաբար լուսավորության հատվածները 24 ժամյա ցիկլի մեջ։ Ձմռանը կարճանում են ցերեկները, իսկ գիշերները երկարում, մինչդեռ ամռանը դիտվում է հակառակը։

Նախորդ դարի առաջին կեսում սկիզբ դրվեց ամենամյա ժամային փոփոխություններին՝ ամառային շեղում մեկ ժամ առաջ, ձմեռային՝ մեկ ժամ հետ, այսինքն՝ վերադարձ ստանդարտ ժամանակին։

Հայաստանը ևս հետ չէր մնում այդ տենդենցից և մինչև 2012թ․-ը յուրաքանչյուր տարի գարնանն ու աշնանը ամբողջ հանրապետությունը շտկում էր ժամացույցների սլաքները։

Ի՞նչ փոխվեց 2012թ․-ին։ Կառավարության կողմից որոշում ընդունվեց վերջին անգամ անցնել ստանդարտ ժամանակի և պահել այն անփոփոխ։ Պատճառը հետազոտությունների արդյունքում ստացված տվյալներն էին․ ժամային փոփոխությունների հետևանքով առողջական և տնտեսական լուրջ վնաս էր հասցվում բնակչությանը։

Նոր ռեժիմին դժվար է հարմարվել, խանգարվում է քունը, նվազում են ուշադրությունը, աշխատունակությունը։ Նման սթրեսային պայմաններում մեծանում են սրտանոթային ռիսկերը, փոփոխվում է քաշը, անգամ ավելանում է քաղցկեղի զարգացման վտանգը։

Ստանդարտ՝ ձմեռային ժամանակով մշտապես առաջնորդվելը կարգավորում է լույսի ազդեցությունը օրական ռիթմերի վրա։ Ձմռան ամիսներին առավոտյան վաղ արթնանալը մեծացնում է լուսավորության քանակը օրվա ընթացքում, իսկ ամռանը ընդհակառակը՝ ուշ արթնացումը նվազեցնում է լույսի բաժինը։ Այս մոտեցման շնորհիվ լուսավորության ամենօրյա նույն տևողությամբ հատվածները չեն խաթարում օրգանիզմի քնի և արթունության ռիթմերը։ Առավոտյան արթնանալը դառնում է հեշտ, բարելավվում է մարդկանց հոգեկան ինքնազգացողությունը, իսկ աշխատավայրում և ուսման մեջ գործունեությունը չի տուժում։


Նյութը պատրաստեց՝

Մարիամ Իսայանը

ՔԽՀԱ անդամ